Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետն եկել էր ասելու, որ Սարգսյանին է ընտրել (տեսանյութ)

Քաղաքականություն
72b710cba633fd171043496bcb1290f9

Սեւանում մինչ հանրահավաքի սկսվելը Րաֆֆի Հովհանիսյանին մոտեցավ քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ով հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանին հանրահավաքը չանցկացնել շուկայի դիմաց, քանի, որ այդ կերպ նա խանգարում է առեւտուրը:

«Հերիք է բզկտեք այս ժողովրդին, Սեւան քաղաքի 74 տոկոսը ընտրել է Սերժ Սարգսյանին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած 32 տոկոսը նրանը չեն, դա ընդդիմության ձայներն են»,- հայտարարեց Սեւանի քաղաքապետը:

Նրան միացան քաղաքացիներ, ովքեր ինքնակամ հայտարարեցին, որ նրանց ոչ ոք չի ստիպել ըտրել Սերժ Սարգսյանին:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհանիսյանի ելույթը անընդհատ փորձում էին խանգարել որոշ քաղաքացիներ , թե իրենք ընտրել են Սերժ Սարգսյանին։
Սակայն անգամ սա չխանգարեց «Ժառանգության» առաջնորդին ելույթ ունենալ. «Հայ ժողովրդի մեծամասնությունը ասում է, որ Սեւանում մարդիկ խեղճ են ապրում: Եթե դուք աշխատանք ունեք, դա չի նշամակում, որ բոլորը լավ են ապրում: Մենք պետք է տեր կանգնենք մեր ձայներին ու իշխանությունը պետք է կազմվի ժողովրդի ձայների հիման վրա»,- իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց նաեւ, որ շնորհակալ է Սեւանի քաղաքապետին, քանի որ նա լինելով ՀՀԿ եկել ու ողջունել է իրեն:

Քաղաքապետը նույնպես անընդհատ միջամտում էր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ քաղաքապետի կռիվը, ոչ թե Ժառանգության առաջնորդի հետ էր, այլ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցչի` Ռուբեն Հակոբյանի, ով ծնունդով Գավառից է։ Գեղարքունիկի մարզի երկու ներկայացուցիչների միջեւ անգամ լեզվակռիվ տեղի ունեցավ

Սեւանի քաղաքապետը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցում նշեց նաեւ, որ Սերժ Սարգսյանը, իրենց քաղաքում արդարացիորեն է ընտրվել: Հենց այդ պահին հավաքված ամբոխից մեկը բացականչեց « Սուտ եք ասում, կեղծել եք քվեները, ես դիտորդ եմ եղել, ամեն ինչ տեսել եմ»:

Քաղաքապետը փորձեց պարզել, թե ով է այդ կինը, բայց վերջինս հրաժարվեց ներկայանալ:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելով իր ելույթը ասաց, որ Սերժ Սարգսյանը չէր կարող այդքան շատ ձայն հավաքել այն տեղում, որտեղ բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել. « Ես գետինը կմտնեի, որ 95 տոկոս ձայն հավաքեի այդտեղ»,- հավելեց Հովհաննիսյանը:


«Ժառանգության» առաջնորդը հեռացավ Սեւանից եւս մեկ անգամ հիշեցնելով, որ մինչեւ վաղը՝ ժամը 17.00-ն սպասելու է Սերժ Սարգսյանի առաջարկներին: