«Թուրքիան մեծ գումար է տրամադրում»
Հայաստանյան 16 ՀԿ-ներ նամակ են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխման համար։
«Մենք շատ մեծ վտանգ ենք տեսնում այստեղ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան մեծ գումար է տրամադրում ՄԱԿ-ին, որ այդ տեղափոխումը տեղի ունենա»,- այսօր ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Գլխավոր քարտուղարին նամակ են գրել բոլոր այն ՀԿ-ներն, որոնք համագործակցում են ՄԱԿ-ի հետ։ Այս առիթով ստեղծվել է միավորում, որը պայքարելու է Եվրոպական գրասենյակների՝ Ստամբուլ տեղախելու դեմ։
16 ՀԿ-ներն այժմ հանդես են գալիս հենց այս միավորման անունից։ Տիկին Դանելյանն ասում է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում են այն ուղղությամբ, որ եվրոպական գրասենյակները տեղափոխվեն իրենց երկրներ։ Նամակի հեղինակները վստահ են, որ մեր հարևանները այս ձևով փորձում են Հայաստանին ամեն կերպ դուրս թողնել եվրոպական ծրագրերից և կոնֆերանսներից.
«Այստեղ քաղաքական ազդեցությունը հսկայական է լինելու։ Փաստորեն մեր բոլոր շփումները համաշխարհային հանրության հետ ՄԱԿ-ի շրջանակներում իրականացնելու ենք Ստամբուլի միջոցով»,- ասաց Կարինե Դանիելյանը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչն արդեն հանդիպել է նամակի հեղինակներին։ Կարինե Դանելյանն ասում է՝ երբ պատրաստում էին նամակը, բարձր ատյաններից նրանց հորդորել են ավելորդ աղմուկ չբարձրացնել, քանի որ գրասենյակի տեղափոխման որոշումն արդեն կայացված է։ «Սակայն ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ հարցը դեռ լուծված չէ։ Այն քննարկման ընթացքում է»,- ասաց տիկին Դանիելյանը։