Ինքնաբացարկի միջնորդություն
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանին՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ:
Ըստ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ ապացույցների անթույլատրելիության մասին միջնորդության վերաբերյալ դատական ակտում անդրադառնալու որոշումը վկայում է դատարանի՝ գործի ելքով շահագրգռված լինելու, ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի, դատարանի ոչ անկախ լինելու մասին:
Բացի այդ, դատարանը խախտել է Ս.Հակոբյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը բուն սպանության գործով դատավճռում ամրագրելով Ս.Հակոբյանի մեղադրանքը, որը քննության առարկա է դարձել սպանության պատվիրատուի մասով ընթացող դատաքննության ընթացքում: Ի դեպ, այս գործով նախագահող դատավորի նախագահությամբ է կայացվել սպանության գործով դատավճիռը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ դատարանը որևէ գործողություն չի կատարել կամ որոշում ընդունել, որը կարող է բացարկի հիմք դառնալ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ իր դեմ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:
«Փաստինֆո»