Հայկական ՀԿ-ները դիմել են Բան Կի Մունին
Հայաստանյան ՀԿ-ները դեմ են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխմանը։ Նրանք նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի Մունին։
«Այդ մտահոգությունը պատճառաբանված է, դրանք սուբյեկտիվ չեն և մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, մեր պարտքն ենք համարում տեղյակ պահել Ձեզ և ՄԱԿ-ի անդամ երկրներին մեր երկրի հասարակության մտահոգության պատճառները», - ըստ «Ամերիկայի ձայնի» ասված է նամակում, որտեղ թվարկվում են Թուրքիայում հայերի և ազգային այլ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը և հանցավոր այլ արարքները:
«Մենք հասկանում ենք, իհարկե, որ Թուրքիայի կողմից ՄԱԶԾ-ին հատկացվող ֆինանսական աջակցությունը կարևոր նշանակություն ունի, բայց հույս ունենք, որ ՄԱԿ-ը կշարունակի առաջնորդվել արդարադատության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների սկզբունքներով` ստորադասելով ֆինանսականը: Վերջ ի վերջո ՄԱԶԾ-ին Թուրքիայից հատկացվող ֆինանսական ներդրումը չի կարող հավասարակշռել այդ երկրի քաղաքականությունից բխող հետևանքների ֆինանսական ծախսերը, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից փախստականներին տրամադրվող օգնությունը»,- նշել են նամակագիրները՝ հույս հայտնելով, որ
ՄԱԿ-ը հարազատ կմնա իր իսկ սկզբունքներին և հաշվի կառնի վերոհիշյալ ռիսկերն ու խոչընդոտները ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային կենտրոնը Թուրքիա տեղափոխելու դեպքում։