Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի արխիվից.«Դրա համար նրան պետք է սպանեի՞ն» (տեսանյութ)

Քաղաքականություն
09c91ab7a681f7e974cde30289d1a5f2

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 5 տարի, սակայն մինչ օրս նախաքննության մարմինը չի տվել ամենակարեւոր հարցի պատասխանը` ո՞վ կամ ովքե՞ր եւ ո՞ւմ հրամանով են սպանել 10 զոհերին:

Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան, նրանք բոլորը զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի 1-ին` իշխանությունների հրահանգով:

Զոհերից 2-ը զինվորական էին, 8-ը` ՀՀ շարքային քաղաքացիներ: Նրանից ոմանք 9 օր շարունակ Ազատության հրապարակից տուն չեն գնացել, եւ խաղաղ հանրահավաքների, երգ ու պարի միջոցով ՚ոչՙ էին ասում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծված արդյունքներին:

Որոշ զոհերի ծնողներ պնդում են, որ իրենց երեխաները պատահական են հայտնվել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում: Մարտի 1-ի բոլոր 10 զոհերն էլ սպանվել են ընդդիմության խաղաղ հանրահավաքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` ժամը 21-ից 21.30 ընկած ժամանակահատվածում, այսինքն, նախքան Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարել:

2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հինգ տարի անց որեւէ մեկը չի ձերբակալվել սպանության մեղադրանքով, այն դեպքում, երբ նախաքննության մարմին որեւէ կասկած չունի, որ առնվազն Չերյոմուխա-7 տեսակի գազային նռնակներ կրակվել են ՀՀ ՈԶ N զորամասի սպաների կողմից:

«Ա1+»-ն իր արխիվից ներկայացնում է 10 զոհերի հարազատների խոսքն ու նրանց պահանջները։ Ձայնագրություններն արվել են չորս տարի առաջ, բայց չեն կորցրել իրենց արդիականությունը.
Ազատուհի Մանուկյան` Գոռ Քլոյանի մայրը. ՚Ինձ ասում են` տղադ ինչո՞ւ էր գնացել Մյասնիկյանի արձանի մոտ: Իրեն հետաքրքիր էր, նա չէր կարող անտարբեր լինել, թե ինչ է կատարվում իր քաղաքում: Մյասնիկյանի արձանի մոտ այդ ժամանակ 1 միլիոն հայ կար, ինքն էլ այդ 1 միլիոնից մեկն էր: Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Ի՞նչ է, հանցա՞նք է կատարել` Մյասնիկյանի արձանի մոտ գնալով: Դրա համար նրան պետք է սպանե՞ինՙ:

Լիլյա Մինասյանը` Հովհաննես Հովհաննիսյանի այրին. ՚Քաղաքականությամբ Հովհաննեսը երբեք չի զբաղվել, սակայն երբեք էլ անտարբեր չի եղել, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ: Ավելի մարդասեր մարդ չեմ պատկերացնում, սակայն մարտի 1-ը ցույց տվեց, որ որոշ մարդիկ նրան չսիրեցին: Ո՞վ կսպասեր, որ ընտրությունները կրակոցներով ու մահերով կավարտվեին: Մարդիկ պարում էին, ուրախանում էին հրապարակում, որեւիցե մեկի մտքով չէր անցնում, որ դա կրակոցներով կավարտվիՙ:

Լիլիթ Դալալոյանը` Դավիթ Պետրոսյանի այրին. ՚Ինձ այսօր ոչինչ չի հետաքրքրում, ես մեկուսացված եմ աշխարհից: Հիվանդանոցում, երբ իմացա, որ Դավիթը մահացել է, նույնիսկ ինքնասպանության փորձ արեցի, ուզում էի ինձ լուսամուտից գցել, սակայն հետ պահեց երեխայիս ձայնը. ՚Դու էլ մեռի, վերջնական անտեր մնամՙ: Ես ապրում էի ամուսնուս եւ որդուս համար: Այսօր ես չեմ պատկերացնում իմ ապագանՙ,Ալլա Հովհաննիսյանը` Տգրան Խաչատրյանի մայրը. ՚Ես Շարժման միջոցառումներին մասնակցում եմ միայն նրա համար, քանի որ եթե Տիգրանը ողջ լիներ, նա անպայման կմասնակցեր: Ես մասնակցում եմ նրա համար, որ այսօր երկրում իմ երեխաների անվտանգությունը ապահովված չէ: Չեմ հասկանում նրանց, ովքեր իրենց երեխային կորցնելուց հետո լռում են: Նրանից թանկ էլ ի՞նչ ունեն կորցնելու: Ես կորցնելու ոչինչ չունեմ: Վստահ եմ, որ ուշ, թե շուտ կբացահայտվեն եւ մարտի 1-ի զոհերը ՚անկարգություններ կատարողներիՙ փոխարեն կոչվելու են հերոսներ կամ առնվազն անմեղ զոհեր: Ես այդ հուսով եմ ապրում: Իհարկե, չի բացահայտվի այս իշխանությունների օրոք, սակայն այս իշխանությունները հավերժ չենՙ:

Մարտի 1-ին հրազենից է զոհվել նաեւ 1977թ. ծնված Զաքար Հովհաննիսյանը: Զաքար Հովհաննիսյանի հարազատները դեռ խորը վշտի մեջ են եւ գերադասում են որեւէ մեկի հետ չշփվել: Նրան ճանաչողները ընդամենը մեկ բան են ասում. ՚Ավելի ազնիվ ու բարի մարդ չենք ճանաչում: Պատմել չի լինի, պետք է ինքներդ ճանաչեիք: Կարկուտը միշտ էլ ծեծած տեղն է ծեծումՙ: Զաքար Հովհաննիսյանի մյուս եղբայրը զոհվել էր Արցախյան պատերազմում:

Վարդուհի Բաղդասարյան` Գրիգոր Գրիգորյանի այրին. ՚Մարտի 1-ի ամբողջ գիշեր եղբայրս ու մայրս Գրիգորին փնտրել են հիվանդանոցներում եւ չեն գտել: Մարտի 2-ին գնացել է Ոստիկանություն, որտեղ ոստիկանները հարձակվել են նրա վրա: Ամենավերջին հայհոյանքներով ոստիկանները մորս հրել, գցել են գետնին եւ ասել.՚Տղա եք մեծացնում, որ միլիցիա ծեծի, միլիցու արյուն խմի: Եթե ձեր տղեն ստեղ էլ լինի, կենդանի չեք տանելու, սատկացնելու ենքՙ:

Էդիկ Աբգարյան` Տիգրան Աբգարյանի հայրը. ՚Մի բան հաստատ է, իմ տղան չէր կարող լինել պատահական կրակահերթի զոհ: Նա հաստատ զոհվել է նշանառու կրակից: Պարզ է նաեւ, որ ինչ-որ մարդկանց ձեռնտու էր զոհեր ունենալը: Շատ ներողություն համեմատությանս համար, սակայն եթե նույնիսկ հոտին են տանում արածացնելու, երեկոյան հետ բերելուց` հաշվում են, թե քանիսն է պակաս, ուր մնացին, ինչ եղավ: Ես ողջ, առողջ, սպորտսմեն տղա եմ տվել այս երկրին: Ես այս իշխանություններից եմ պահանջում իմ որդուն: Հետ տվեք իմ տղային կամ գոնե ասեք` ինչպես եղավ, որ նա հետ չեկավ:

Ես մի տեղ ունեմ պահանջելու. ես այս երկրին, այս իշխանություններին, այս զինվորակույտին եմ տվել իմ տղային եւ նրանցից էլ բացատրություն եմ պահանջում: Հասկանո՞ւմ եք, ես չեմ կարող բոլորին միանգամից ատել` իշխանություններին, ընդդիմությանը, ցուցարարներին կամ կողքից քայլող մի մարդու, որի արտաքինը հուշում է, որ ընդունակ է բռնությունների: Ես բոլորին չեմ կարող ատել, քանի որ դեռ պիտի ապրեմ այս երկրում: Ես չեմ կարող ատել իմ երկիրը միայն նրա համար, որ մեր երկրի մեջ այդպիսի այլանդակներ էլ են ծնվում: Այս ծանր բեռով հնարավոր չէ ապրել: Մենք պետք է իմանանք, թե ինչ է կատարվել իրականում: Այդ ճշմարտությունը միայն մեզ չէ, որ պետք է, այլ ողջ ազգին` հետագայում այս երկրում ապրելու համարՙ:

Ռոբերտ Հարությունյան` Սամվել Հարությունյանի հայրը. ՚Անկախ նրանից, թե ինչ հայացքների տեր մարդիկ են զոհվել, զոհվել են հայեր՝ հայերի ձեռքով: Ես վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ բոլոր մեղավորները պատասխան կտան մարտի 1-ին, ինչպես նաեւ դրանից առաջ եւ հետո կատարած իրենց բոլոր հանցագործությունների համար:

Այս իշխանությունների համար մարդ սպանելը, նույնն է, թե ճանճ սպանել եւ անցնել առաջ: Գուցե կոպիտ հնչի, բայց եթե իշխանությունների, բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի կատուն սատկեր, ապա համոզված եմ, որ գոնե մի օր կտխրեին, սուգ կհայտարարեին, իսկ 10 անմեղ զոհերի համար, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ մյուս իշխանավորները որեւէ ցավակցական խոսք մեզ չասացինՙ
Աղասի Թադեւոսյանը` Համլետ Թադեւոսյանի հայրը. ՚Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես ընդամենը ուզում եմ իմանալ մեկ հարցի պատասխան` ո՞վ է սպանել իմ որդուն: Ինձ իրականությունն է հետաքրքրումՙ:

Աննա Էլոյան` Արմեն Ֆարմանյանի կինը. - ՚Մարտի 1-ին մարդկանց սկսել են ծեծել եւ սպանել մինչեւ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարելը: Ո՞վ է մեղավորը: Ի՞նչ գործ ունեին զինվորականները, դիմակավորները այդ վայրում, քանի դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել: Եթե Քոչարյանը չէր ուզում, որ զոհեր լինեին, ինչու ավելի շուտ արտակարգ դրություն չհայտարարեց, ինչո՞ւ են բոլորը սպանվել մինչեւ Քոչարյանի արտակարգ դրությունը: Բոլորն էլ գիտեն, թե ով է սպանել մարտի 1-ի 10 զոհերին: Այդ մասին բոլորն են խոսում, բայց իրենց տներում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իմ ամուսնուն սպանել է Ռոբերտ Քոչարյանը: Ինձ համար այնքան կարեւոր չէ, թե ով է կրակել, ավելի կարեւոր է, թե ով է հրաման տվել: Իսկ կրակելու հրաման տվել է Ռոբերտ Քոչարյանը: Եթե նա հրաման չտար, որեւէ մեկը չէր զոհվիՙ:

01.01.2009