Ուսանողներին միացավ նախագահի թեկնածուն (տեսանյութ)
Րոպեներ առաջ ԵՊՀ բակ եկավ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը։ Բացատրելով իր այստեղ գտնվելու հանգամանքը՝ նա նշեց, որ իր տղան ստորագրահավաքի կազմակերպիչներից է։ Վարդան Սեդրակյանի որդին՝ Գևորգ Սեդրակյանը, ուսանում է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսում։
Պարոն Սեդրակյանի խոսքերով՝ հրաժարական պետք է տա ոչ միայն ռեկտորի օգնական՝ Գևորգ Մելքոնյանը, այլև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը , ինչպես նաև մյուս բուհերի ռեկտորները, քանի որ նրանք փակում են բուհի դռները և թույլ չեն տալիս ուսանողներին պայքարել իրենց սահմանադրական իրավունքի համար։
Այսօր պարոն Սեդրակյանն անդրադարձավ նաև ներքաղաքական գործընթացներին և համոզմունք հայտնեց, որ ինքն է լինելու ՀՀ 4-րդ նախագահը, քանի որ, նրա խոսքերով, մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու և դառնալու է իր օգնականը։
Նա վաղը մասնակեցելու է Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, սակայն որևէ քաղաքական ուժի չի միանալու։
Նախագահի թեկնածուն ասաց, որ իր առողջական վիճակը գնահատում է նորմալ։