Վահագն Խաչատրյանը հիշեցնում է իշխանություններին (տեսանյութ)
Հետընտրական զարգացումները տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պայմանավորում է երկրի տնտեսական վիճակով: Ըստ նրա` մարդիկ ամեն ընտրությունից հետո դժգոհում են, որովհետեւ չեն տեսնում սոցյալական վիճակի բարելավում:
Տնտեսագետը իշխանություններին հիշեցնում է, որ ընտրությունների արդյունքները առաջին հերթին չեն ընդունում սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտրողները:
Պարոն Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանում չկա միջին խավ, ում ընտրության վրա կարող էր չազդել ընտրակաշառքը:
«Եթե մենք ունենանք միջին խավ, նրանք կարող են ոտքի կանգնել, դժգոհել, կազմակերպված ձեւով, այլ ոչ թե հեղափոխության ձեւով: Այսինքն նրանք չեն ընդունի ընտրակաշառքը ու տեր կկանգնեն իրենց ձայնին»,- ասում է Վահագն Խաչատրյանը:
Նա Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում վարվող տնտեսական քաղաքականության արդյունքն է համարում նաեւ ձեւավորված երկու բեւեռները՝ ծայարհեղ աղքատներ եւ հարուստներ:
«Այդ պայմաններում էլ առաջանում է այն հակասությունը, որը կա այսօր: Այդ արդար ընտրությունների պահանջը դնում է աղքատ բնակչությունը, բայց կատարում են հարուստները, իսկ հարուստները իրականացնում են ընտրությունները միայն վերընտրվելու ձեւով»,- ասում է նա։
Ի դեպ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը հավաստիացրեց, որ ինքը մարտի մեկին միանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին, որպես 2008 թ-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի ականատես` իր հարգանքի տուրքը մատուցելու 10 անմեղ զոհերի հիշատակին: