Ս. Այվազյան. «Պարոն Սարգսյան, չեք կարող չտեսնել» (տեսանյութ)
Սմբատ Այվազյանի կոչը Սերժ Սարգսյանին
Պարոն Սարգսյան Ճակատագիրը Ձեզ եզակի հնարավորություն է ընձեռնել:
Ձեզ հնարավորություն է տրվել մանր կլանային, թիմային ու կուսակցական շահերի մեջ բզկտվող պետությունը, ժողովրդից երես թեքած պետությունը դարձնել ժողովրդի պետություն:
Կարծում եմ դուք այնքան խոհեմություն կունենաք, որ վեր կկանգնեք անձնական ու կուսակցական ամբիցիաներից, վեր կկանգնեք մանր շահերից ու կանեք այն քայլերը, որի կարիքը այսօր զգում է երկիրը, զգում է Հայաստանի քաղաքացին:
Դուք չեք կարող չտեսնել, որ ժողովուրդը մերժում է այն ընթացքը, այն ուղին, որը որդեգրել է իշխանական վերնախավը:
Չեք կարող չտեսնել, որ երկրում ոտնահարված են քաղաքացու շահերը, իրավունքները, անվտանգությունը:
Չեք կարող չտեսնել, որ ժողովուրդը իր բողոքը հայտնում է երկրից հեռանալով:
Դուք այդ ամենը շատ լավ գիտեք: Եթե չիմանայիք, Վարդենիսի, Ապարանի և Աշտարակի ելույթներով չէիք դիմի ժողովրդին ու չէիք բարձրաձայնի այն, ինչը Ձեզ սատարող ուժերի համար հավասարազոր էր մահվան դատավճռի:
Դուք գիտեք, թե ինչ լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների առջև է կանգնած մեր երկիրը և համոզված եմ, շատ լավ հասկանում եք, որ դրանք հնարավոր է հաղթահարել միմիայն համաժողովրդական միասնության հասնելով, միմիայն վստահության դաշտ ձևավորելով:
Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորել այդ վստահության դաշտը:
Վստահության դաշտի ձևավորման համար, դուք պետք է սկսեք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը, հրաժարվելով այն ուժերի ծառայությունից, որոնք Ձեր խոսքերով "ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ՃահիՃ":
Անկախ նրանից, դրանք կուսակցական ուժեր են, թե քրեա-օլիգարխիկ: Անկախ նրանից, թե ինչ լոզունգներով են այդ ուժերը հանդես գալիս: Անկախ նրանից, թե ինչքանով են Ձեզ նվիրված և հավատարմության ինչ երդումներ են տալիս:
Այս ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ վարչական, ֆինանսա-քրեա-օլիգարխիկ լծակների օգտագործմամբ, իշխանության վերարտադրության մեխանիզմը գործում է անխափան: Դրա համար էլ անիմաստ է թվեր հայտարարելը, թվերի վրա կենտրոնանալն ու շեշտադրումներ անելը:
Պետք է շեշտադրումը անել այն բանի վրա, որ Հայաստանի ժողովուրդը մերժում է արդեն մեկ ու կես տասնամյակից ի վեր հաստատված իրավունքի ոտնահարումը, երկրի թալանը, ատելության և մերժման մթնոլորտը, հասարակության հատվածայնացումն ու ոգու փոշիացումը:
Պետք է հասկանալ, թե այս քվեարկությամբ ինչն է ընտրել և ինչն է մերժել ժողովուրդը:
Եվ առանց մանր, թիմային ու կուսակցական շահեր հետապնդող ուժերի, հենվելով միմիայն ժողովրդի վրա, գնալ ժողովրդի ցույց տված ճանապարհով, երկիրը այս «պղտոր ճահճից» հանելու ճանապարհով: Պետք է սկսել երկիրը և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը, քաղաքացու հավատը առ պետություն վերականգնելու գործընթացը:
Դա է պետության և ազգի մասին մտածող, պետական, ազգային գործչի ճանապարհը:
Սմբատ Այվազյան