Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Րաֆֆի Հովհաննիսյանը երազախաբ է եղել» (տեսանյութ)

Քաղաքականություն
81bc5f355bd4da580416cb6a86ffcaea

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը 2012թ. սեպտեմբերից մինչև փետրվար ամիսներին սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել, որոնք ցույց են տվել, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը: Պարոն Ադիբեկյանն ասում է, որ միայն հունվար ամսվա հարցումներն են եղել ՀՀԿ-ի պատվերը: Նախքան ընտրությունները Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանը հավաքելու է ընտրողների ձայների 58.5 %-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 37.2%-ը: «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը երազ է տեսել, որ նախագահ է ընտրվել և հույսեր ունի, բայց իրականությունն այն է, որ նա երազախաբ է եղել և հուսալքվել է»,- կարծում է սոցիոլոգը։ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանափոխություն չի կարող անել, քանի որ ժողովուրդն այդպես չի ցանկանում. «Ընտրություններին մասնակցում է ժողովրդի 60 %-ը։ Նրանց 30%-ը պահպանողական է և չէ սիրում իշխանափոխություն։ Մյուս 30%-ը բաժանվում են երկու մասի՝ մի մասն արմատական փոփոխությունների կողմնակից է, իսկ մյուսը՝ չափավոր։ Մեր ժողովուրդը հեղափոխական չի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիոլոգը Րաֆֆի Հովհաննիսյանին նմանեցնում է Դոն Քիշոտին, ով ցանկանում է պաշտպանել մարդկանց ազատությունն ու օրինականությունը. «Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է դերի մեջ և վախենում է դուրս գալ այդ դերից»։

Ահարոն Ադեբեկյանը կարծում է, որ ընդդիմությունն այսօր էլ համախմբված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, իսկ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանն ու ՀՅԴ-ն Ազատության հրապարակ էին եկել արդարության համար։ Սոցիոլոգը բացառում է 1996թ. քաղաքական իրավիճակի կրկնությունը, երբ ընտրված նախագահը մեկ տարի անց հրաժարական տվեց. «96թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել էր, իսկ այս փուլում գործող նախագահը չի պարտվել, և նա այնքան ինքնասիրություն ունի, որ պարտված լինելու դեպքում չի ձևացնի, թե ինքը հաղթած նախագահ է»,- վստահ է Ահարոն Ադիբեկյանը։

Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք չունի ժողովրդին հուսախաբ անելու և դեպի փակուղի տանելու։ Սոցիոլոգի կարծիքով նրա կողմից ամենաճիշտ քայլը կլինի ընտրությունների արդյունքները ճանաչելը։
Մանրամասները՝ տեսանյութում։