ՀԱԿ-ը կդառնա հզոր ընդդիմադիր ուժ (տեսանյութ)
ՀՀՇ այսօրվա արտահերթ համագումարում ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի ՀՀՇ-ն իր վերաբերմունքն արտահայտի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ։ Համագումարում առաջարկը ընդունվել է միաձայն, առաջինը կողմ է քվեարկել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվելու է Հայ ազգային կոնգրես կուսակցություն, հնչեցրեց եւս մեկ հարց, թե ինչն էր խանգարում, որ բարեփոխումները կատարվեին ՀՀՇ կուսակցության ներսում, առանց որեւէ փոփոխության
«Բոլոր հնարավոր փոփոխությունները ՀՀՇ-ի ներսում արվել են, որեւէ այլ կուսակցություն չի համաձայնվել մտնել ՀՀՇ-ի մեջ, դառնալ մի մաս։ Բայց երբ անվանափոխում է տեղի ունենում, հազարավոր երիտասարդներ են մտնում, մտնողների քանակը լինելու է շատ ավելի, քան եղածների քանակը»,- հարցին պատասխանեց համագումարի վարող, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը.
Ըստ նրա՝ ՀԱԿ-ի բրենդը վերցնելով ընդարձակման գործընթացը երաշխավորված է։
Բաբկեն Արարքցյանը փորձեց պարզաբանումներ ստանալ, արդյոք եթե ինքը որոշումը ընդունում է, որ ՀՀՇ-ն անվանափոխվում է ՀԱԿ-ի, ինքը դառնում է ՀԱԿ կուսակցության անդամ, համագումարի քարտուղար Սամվել Աբրահամյանը տեղեկացրել է , որ այո, ինքը ավտոմատ կերպով դառնում է ՀԱԿ կուսակցության անդամ։
Բաբկեն Արարքցյանը թոթվեց ուսերը եւ նստեց իր տեղը։