« Լցոնումների մասին ամենաշատը գիտեն ՀՀԿ-ում»
«Առանց հավաքական ուժի ներդրման, առանց ինքնազոհողությունների երբե՛ք չենք կարող հաղթանակ ակնկալել»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։
Ըստ նրա՝ «այս ոգով ու ջանքով եթե Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում կանգնեինք ու տարբեր մակարդակի կեղծարարներից, սրիկաներից պաշտպանեինք Րաֆֆու ձայները, այսօր այլ կլիներ իրականությունը»:
« Չեմ կարող զսպել ինձ ու չբարձրաձայնել այն գյուղապետերի, քաղաքապետերի ու ընդհանրապես այն ծախու հոգիների մասին, ում հանցավոր գործողությունների շնորհիվ շատ գյուղերում, հատկապես Կոտայք, Գեղարքունիք, Սյունիք մարզերի, արձանագրված է բնակչության 97-100 տոկոս մասնակցություն,ակնհայտ կեղծիք, որի մասին գիտի հենց Սերժ Սարգսյանը: Լցոնել են, Րաֆֆու քվեաթերթիկները հարյուրներով անվավեր են ճանաչել կամ դրել են Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների վրա: Այս մասին ամենից ճշգրիտ տեղյակ են հանրապետականի նախընտրական շտաբում, որտեղ խոստացել էին շատ ավելի անարդար տոկոսներ, սակայն շատ ու շատ ընտրատեղամասերում մեր քաղաքացիական հասարակության իսկական քաղաքացիների շնորհիվ այդ կեղծիքները կանխվեցին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Բախշյանը:
Նա նաեւ համարում է, որ Ընտրական օրենսգիրքը բողոքարկման այնպիսի ժամկետներ ու մեխանիզմներ է դնում, որոնք պարզապես խոչընդոտ են արդարությանը:
«Կոչ եմ անում այսօրվանից, արդար ընտրությունների անցկացման նպատակով, հավաքագրվել ապագա ցանկացած ընտրության գործընթացին՝ ՏԻՄ-ից սկսած»- ասում է Անահիտ Բախշյանը, ով պատրաստվում է ժամը 17-ին գնալ Ազատության հրապարակ՝ «բետոնելու Րաֆֆիի թիկունքը»։