Կրակոցներ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ
Հակառակորդի արձակած ցանկացած կրակոց սահմանամերձ Այգեպար գյուղի երեխաները ընկալում են իբրեւ հրավառություն։
«Ասում ենք՝ Նոր տարի է. երեխաներին խաբելով համոզում ենք, որ այս ձայներից չվախենան։ Դե, ինչ անենք»,- այսօր «Ա1+»-ին ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը։
Նրա խոսքերով՝ երեկ 6 ժամ տեւած կրակահերթի արդյունքում վնասվել են տների տանիքները, գնդակը ընկել է գյուղացիներից մեկի տան մեջ եւ պայթել։
Ինչ տրամադրություն է այս պահին գյուղում՝ հարցին Անդրանիկ Այդինյանն այսպես պատասխանեց. « Դե որ այս պահին կենդանի ենք մնացել, ուրեմն լավ ենք»։
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ նույնպես կրակոցներ են հնչել։ Գյուղին, բարեբախտաբար, միայն նյութական վնաս է հասցվել։ Ինչպես նշեց Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը՝ մեր կողմից եւս հնչել են պատասխան կրակոցներ, ինչից հետո հակառակորդը դադարեցրել է կրակոցները։