«Ժառանգությունը» շուրջօրյա հանրահավաքներ կսկսի՞
«Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է» ,- այսօր այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ այսօր Ազատության հրապարկում նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը վերածվի շուրջօրյա հանրահավաքների:
Այսօր ժամը 17։00- ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային ասուլիս է հրավիրել՝ նախագահի ընտրությունների վերաբերյալ իր գնահատական հնչեցնելու, ինչպես նաեւ առաջիկա անելիքները հստակեցնելու համար:
«Իհարկե, վերջնական գնահատական կտա պարոն Հովհաննիսյանը, սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ այն թվերը, որոնք պաշտոնապես հայտարարվեցին, որեւէ կապ չունեն իրականության հետ»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը «Ժառանգությունը» տեղեկություններ է ստանում երեկ տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին: «Հենց այսօր առավոտյան ինձ հայտնեցին, որ Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի 100 ձայները դրվել են անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ: Սա դեռ պետք է ստուգել»;
«Ժառանգության» անդամը մեկ անգամ եւս նշեց, որ իրենք՝ իրենց հետագա պայքարում պատրաստ են համագործակցել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ ուժի հետ՝ պայքարը շարունակելու եւ իրենց պատկերացրած Հայաստանը կառուցելու համար: