ՕԵԿ-ը նիստ է արել
Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին և ամփոփեց 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության հետ կապված աշխատանքները:
«Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում հարյուրից ավելի հանդիպումներ է ունեցել Երևան քաղաքի վարչական շրջանների և ՀՀ բոլոր մարզերի ՕԵԿ անդամների և ընտրողների հետ և ներկայացրել կուսակցության դիրքորոշումները:
Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել հանրապետության ողջ տարածքում ստեղծված ՕԵԿ շտաբների աշխատանքը, և նշել, որ կատարված աշխատանքը համոզմունք է տալիս առ այն, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում:
Արթուր Բաղդասարյանը հորդորել է ներկաներին կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՕԵԿ անդամների միջոցով առաջիկա օրերին ևս ակտիվորեն մասնակցել ՀՀ «Ընտրական օրենսգրքով» սահմանված ընտրական գործընթացներին` նպաստելով փետրվարի 18-ին արդար և ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելուն և անցկացնելուն:
Նիստում նաև անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի այլ շրջանակի: