Տեր -Պետրոսյանը կարևոր խնդիրներ է առաջ քաշում
«Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է Հայաստանի քաղաքական դաշտում ամենակարևոր խնդիրներն առաջ քաշողը, սակայն այլ հարց է նա հետո ինչքանով է հետևողական դրանց նկատմամբ»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ այս նախագահական ընտրությունները նախորդներից տարբերվում են իրենց բռնությունների մեղմացմամբ:
«Եթե 2007թ-ին մենք ունեինք դեպքեր, երբ վստահված անձին էին առևանգել, ապա այժմ գնալով նվազում են ճշումները», -պարզաբանեց Արտակ Կիրակոսյանը:
Մյուս առանձնահատկությունը այս ընտրությունների այն է, ըստ նրա, որ հիմնական թեկնածուները ուշ առաջադրվեցին, համեմատած 2008թ-ի , երբ հոկտեմբերից Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հայտարարել էր իր առաջադրվելու մասին:
«Պետք է առնվազն երկու տարի առաջ սկսվի քարոզարշավը, որ հանկարծ չլինի այն վիճակը, որը հիմա է, ու հանկարծակի չհայտնվի Հրանտ Բագրատյանը»,- ասաց Արտակ Կիրակոսյանը:
Վերջինս կանխատեսեց, որ հաջորդ նախագահական ընտրություններում ավելի հետաքրքիր ու վառ անհատակություններ կլինեն, քան «էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը և Անդրեաս Ղուկասյանը»:
Այս քարոզարշավին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ընտրախախտումների հետ կապված զանգերից բացի ստացել է նաև այսպիսի բնույթի զանգեր, «Բոլորին օգնում են , ինձ չեն օգնում», «Կտուրի վերանորոգման խնդիր ունեմ, ասեք թող թեկնածուները օգնեն»:
Արտակ Կիրակոսյանը նշեց, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի 30 ավտոմեքենաները շրջելու են Հայաստանի ողջ տարածքում փետրվարի 18-ին` արձանագրելու ընտրախախտումները և առաջարկելու իրավաբանական խորհրդատվություն: