Ընտանեկան բռնությունը՝ չլուծվող խնդիր
2012թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ՄԻ Պաշտպանի աշխատակազմը ստացել է 133 դիմում-բողոք ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչն էլ ցույց է տալիս, որ խնդիրը արդիական է, իսկ լուծման միջոցների նախատեսման անհրաժեշտությունը հրատապ:
Կանանց հարցերով Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի գնահատմամբ՝ պետական իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր բռնության զոհերի պաշտպանության, բռնության կանխարգելման համար, որոնք պետք է լինեն ոչ թե քաղաքական կամքի դրսևորման արդյունք, այլ միջազգային պարտավորությունների կատարման հետևանք:
Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր մամլո ասուլիս:
Կոալիցիայի անդամներից ասուլիսին ներկա էին Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը և Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը:
Հանդիպման հիմնական նպատակը Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծն էր, որը Կառավարության կողմից չէր ընդունվել:
Լարա Ահարոնյանը նշեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը 2011թ. հաստատել է 2011-2015թթ. համար նախատեսված Ազգային գործողությունների ծրագիր, որի նպատակներից է համարվում մինչև 2013թ. Ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունումը: