Ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի է
Քանի դեռ չունենանք սայլակին նստած մարդիկ ԱԺ-ում` հաշմանդամություն ունեցողների խնդիրները հարկ եղած ձեւով չեն բարձրաձայնվի, եւ քանի դեռ մեր պետությունը գումարներ չի ծախսում մատչելիության համար, մենք լուծումներ չենք ունենա,այսօր Մեդիա-կենտրոնում «Հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի իրացման խնդիրը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը:
Քննարկման մեկ այլ բանախոս Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց իրենց իրականացրած Երևանի բոլոր ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիության մոնիտորինգի արդյունքները։ Ըստ այդմ, Երեւանի ընտրական 467 տեղամասերից մատչելի է ընդամենը 35 ընտրական տեղամաս, հիմնականում մատչելի` 42-ը: Այսինքն, մատչելի է Երեւանի տեղամասերի ընդամենը 7տոկոսը:
Հայաստանի ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար: Հաշմանդամություն ունեցող շուրջ 182 հազար ընտրողներից շատերը չեն զգում այդ հավասարությունը:
Իսկ Հայաստանի Հանրապետությունը 2010թ-ին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով ստանձնել է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների դաշտն ապահովելու բոլոր պարտավորությունները:
«Մարզերում ընտրատեղամասերը ընդհանուր 20 տոկոս մատչելիություն ունեն: Մենք կարողանում ենք լավ քննարկել, բայց արդյունքում ոչինչ չի ստացվում, կառուցվում են շենքեր, որոնք անմատչելի են: Իսկ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել մեր կարծիքը` ինչպես անել, որպեսզի թեքահարթակը մատչելի լինի, այլապես ավելորդ գումար է ծախսվում»,-նկատեց «Փարոս» ՀԿ-ի ղեկավար Սուրեն Օհանյանը:
Անցած ընտրությունների ժամանակ լուծվել է տեսողության խնդիրներ ուենցող անձանց ընտրելու հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձինք արդեն քվեարկում են ստվարաթղթե կաղապարի միջոցով:
Բայց անլուծելի է մնում լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների քարոզարշավին տեղեկանալու, թեկնածուների ասածներին հաղորդակից լինելու սահմանադրական իրավունքը:
Բանախոսներն առաջարկում են, չշահագործել մատչելիություն չունեցող հանրային շենքերը, այդ դեպքում տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց խնդրին ուշադրություն կդարձվի: