«Ժողովուրդ»-ը՝ փակման եզրի՞ն
«Ժողովուրդ» թերթի հայտարարությունը.
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված:
Պատճառն այն է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես>: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, «Ժողովուրդ»-ը միայն ներողություն է պահանջում: