Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լենուղիից եկել են կառավարություն (տեսանյութ)

Հասարակություն
943fa49375c4a331ec5cb9e3a0cb8a72

Այսօր, կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիների թիվն ավելացել է:

Առաջին անգամ գործադիր մարմնի շենքի մոտ էին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մի խումբ բնակիչներ:

Նրանց խոսքերով տարիներ շարունակ ապրում են վթարային շենքում, սակայն խնդիրը մարզպետարանն անտեսում է:

Շենքի բնակիչ Հմայակ Խաչատրյանն ասում է,որ 24 տարի շարունակ իրենք դիմել են տարբեր պատկան մարմինների.«Շենքը լրիվ քանդման ենթակա է, անկյունները չկան, կոմունալ ոչ մի հարմարություն չունենք, այս ժողովուրդը ինչ պիտի անի։ Ես չգիտեմ, թե կառավարությունն էլ այս հարցը չի լուծում, մենք էլ ում դիմենք»:

Այսօր առաջին անգամ կառավարության շենքի մոտ էր նաեւ Բուզանդ փողոցի 107 շենքի նախկին բնակչուհի Ժենյա Պարսամյանը:

Արդեն 6 տարի է նրա ընտանիքը փողոցում է: Նրա, ինչպես նաեւ քանդված շենքի մյուս բնակիչների հետ կնքված պայմանագրով նույն տեղում պիտի բնակարան ստանային: Պայմանագրի ժամկետը վաղուց լրացել է, իսկ իր ընտանիքը դեռ փողոցում է՝ վարձած բնակարանի գումարն էլ ի վիճակի չէ վճարել: Իր բոլոր գրավոր դիմումներին ստացել է հետեւյալ բանավոր պատասխանը.« Բնակիչները տուժել են իրենց խելքից,որ հավատացել են` ուրեմն, այսօր, հավատը համարվում է անխելքություն»:

Տիկին Պարսամյանը պատմեց, որ բնակարանը կորցնելու վշտին չեն դիմացել ամուսինն ու որդին.« Հիմա ի՞նչ սպասում են բոլորս մեռնենք,ինչ տարբերություն մեռնում ենք` Դեր Զորի անապատում, թե Սիբիրում Ստալինի հրամանով ,թե այսօրվա մեր հայրենակիցների ձեռքով Երևանի կենտրոնում»:

Նույն շենքի բնակչուհի Էլմիրա Ադամյանը, այսօր, կառավարության նիստից առաջ կարողացել է մոտենալ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին, որից ստացել է հետեւյալ պատասխանը.«Հիմա գնում եմ նիստի, կգամ կպատասխանեմ»: