Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանցի ուսանողները ՀՀ-ում կավելանա՞ն

Հասարակություն
b73b78a351672a2670b8429c200e915c

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ։

Մուհամմադ Ռեիսին արձանագրել է, որ վերջին շրջանում իրանցի ուսանողների դժգոհությունների բացակայությունը վկայում են, որ Հայաստանի բուհական ոլորտում իրականացվում է լուրջ և հետևողական աշխատանք և շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանությունների` իրանցի ուսանողներին օժանդակելու և նրանց խնդիրներին լավագույնս արձագանքելու համար:

Պարոն դեսպանը նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է գիտական պատվիրակությունների փոխանակում իրականացնել` գիտության և տեխնիկայի բնագավառում արձանագրված ձեռքբերումները բարեկամ երկրի` Հայաստանի կետ կիսելու, ինչպես նաև ուսանողների փոխանակում իրականացնելու համար:


«Խնդիրներ միշտ էլ կան, սակայն դրանք այլևս կրում են ոչ թե համակարգային, այլ կոնկրետ և հիմնականում տեխնիկական բնույթ, որոնց ևս, համոզված եմ, պետք է արժանի ուշադրություն դարձվի» ,-նշել է Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նաև օտարեկրյա ուսանողների` ատենախոսությունների պաշտպանության հարցերին և ընդգծել, որ ատենախոսությունը պետք է արտահայտի կրթության որակի և գիտական աշխատանքի արժեքի իրական գնահատականը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության մի շարք ավագ դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցման ծրագիր իրականացնելու և այդ համատեքստում համապատասխան դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու անհարաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տարածքում Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի մասնաճյուղ կամ նշված համալսարանի հետ կրկնակի դիպլոմների իրականացման կրթական ծրագրի հնարավորությունը, որը, ըստ նախարարի, կապահովի նաև ուսանողների շարժունության խնդիրը:

Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։