Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվում են երեխաներին բուժել (տեսանյութ)

Հասարակություն
44d890628bea838b8b79399221f0c1db

Հաստատագրված վճարների նոր օրենքի ընդունումը Արմավիրում անհնար է դարձրել ստոմատոլոգների աշխատանքը: Մարզի գլխավոր մասնագետ, բժիշկ-ստոմատոլոգ Գրիգոր Ավագյանը վստահ է, եթե օրենքում փոփոխություններ չլինեն, շատ կլինիկաներ իրենց գործունեությունը կդադարեցնեն, Արմավիր քաղաքում մեկն արդեն լուծարվել է:

Հարկային փոփոխություններն ազդել են նաև երեխաների ատամնաբուժական ծառայության մատուցման վրա: Խնդիրն այն է, որ մինչև 8 և 12 տարեկան երեխաներին սպասարկել ոչ մի կլինիկա կամ ատամնաբույժ չի ցանկանում:

Ինչու՞ են հրաժարվում երեխաներին ատամնաբուժական ծառայություն մատուցել, մարզի գլխավոր ստոմատոլոգը պարզաբանում է. Արմավիր քաղաքում լիցենզավորված մանկական ստոմատոլոգիական կաբինետ կամ կլինիկա չկա, որը կկարողանա սպասարկել երեխաներին: Պատճառը կրկին հարկային փոփոխություններն են:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Մելանյա Տոնոյանից էլ տեղեկանում ենք, որ պետպատվերի ծրագիրը գործել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը: Այս տարի Արմավիր քաղաքի ստոմատոլոգիական կլինիկաները ծրագրի իրականացման համար հայտ չեն ներկայացրել:

Նոր հարկային պարտավորությունների պարագայում տնտեսապես ձեռնտու չէ սպասարկել երեխաներին պետպատվերի շրջանակներում: Եթե մանկական բազկաթոռը չհարկվի այնպես, ինչպես մեծահասակինը, հավանաբար խնդիրը կլուծվի, - նկատում է բժիշկ-ստոմատոլոգ Գրիգոր Ավագյանը:

Արմավիրի մարզպետարանից էլ վստահեցնում են, հարցը կլուծվի ամենասեղմ ժամկետում, Արմավիրի բժշկական կենտրոնը կստանձնի երեխաներին սպասարկելու ծառայությունը, այժմ համապատասխան լիցենզիա ստանալու գործընթաց է վարում:

Մինչ այդ, ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների համար դիմել մարզի մյուս քաղաքներ, որտեղ արդեն իսկ մատուցվում են նման ծառայություններ:

«Ալտ» ՀԸ