Հին նոր տարին` վերջին ակորդ
Կար ժամանակ երբ հայերը նոր տարին նշում էին մարտի 21-ին, օգոսոտոսի 11-ին, հունվարի 1-ին: Դեռևս մ.թ.ա. 45 թ.-ին հաստատված հուլյան տոմարը. 1582թ.-ին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով փոխարինվում է Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցով, որն էլ աստիճանաբար տարածվում է քրիստոնեական երկրներում:
«Գրիգորյան տոմարը հայոց մեջ ավելի ուշ է ներմուծվում, թեև հայկական կաթոլիկ համայքներում ավելի վաղ ընդունվել էր: Տոնը առավելապես մեծ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից հետո: Այդ ժամանակ արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն և այդ պատճառով մեզանում հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Ազգագրագետի խոսքերով՝ 19 -րդ դարում ավելի մեծ շուքով նշվում էր հունվարի 6-ը` Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, քան Նոր տարին, սակայն Խորհրդային միության հաստատումից հետո տոնի մեջ ներմուծվել են այլ էթնիկ երևույթներ՝ Ձմեռ պապը , Ձյունանուշը, տոնածառ զարդարելը:
« Այսօր հայ ժողովուրդը շատ ուշադրություն է դարձնում տոնական սեղանին, մինչ դեռ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում թե' Հին, թե' Նոր տարվան հայերը աշխատել են կարգավորել միջանձային հարաբերությունները, ներդաշնակություն ստեղծել ընտանիքում», - տեղեկացրեց ազգագրագետը:
Ազգագրագետը նույնպես չի հերքում, որ նոր տարվա սեղանի պարունակությունը կարեւոր է և ողջունում է այն ընտանիքներին, ովքեր այս հարցում պահպանում են հայկական ավանդույթները :
«Ավանդական կերակրատեսակներից նախընտրել է սեղանին դնել հարիսա, տոլմա, լոբուց , ավելուկից պատրաստված աղցաններ, մսեղեն: Արևմտահայերի մշակութային ժառանգությունը կրող ընտանիքները անուշապուր են պատրաստում և նույնիսկ բաժին հանում իրենց դրկիցներին, ազգականներին», - ասաց Ս. Պողոսյանը:
Ըստ նրա այսօր Հին նոր տարին տոնվում է «վերջին ակորդի» նման, միայն աշխատանքային կոլեկտիվներում:
Լրագրողական փոքրիկ հարցումից պարզ դարձավ, որ հայաստանցիներից շատերը չեն նշում այս տոնը, իսկ ովքեր էլ, որ նշում են, ապա ոչ մեծ շուքով: