Արարատյան դաշտավայրում երկարակյացներ չկան
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ուսանողների 90 տոկոսը չունի լիարժեք ֆիզիկական ակտիվություն, իսկ 7-17 տարեկանների 70 տոկոսը չի զբաղվում ֆիզկուլտուրայով , որն ազդում է առողջության և հետևաբար երկարակեցության վրա:
«Մարդու երկարակեցության վրա ազդում է ինչպես օդի, հողի, ջրի, աղտոտվածությունը, այնպես էլ գենետիկան», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Համասփյուռ Հովհաննիսյանը:
Իր հերթին Հայաստանում ծերաբանության հիմնադիր, պրոֆեսոր Գուրգեն Ապրիկյանը նշեց, որ Հայաստանում բարձր և միջին լեռնային գոտիներում ապրող բնակչությունը ավելի երկարակյաց է ի տարբերություն հարթավայրային բնակիչների:
«Օրինակ՝ Արարատյան դաշտավայրում գրեթե երկար ապրող մարդիկ չկան, իսկ ովքեր էլ, որ կան այդ տարածք են եկել լեռնային շրջաններից», -ասաց պրոֆեսորը: Հայաստանում երկարակեցությունը նա պայմանավորեց առատ բանջարեղենի, մրգերի ու բուսականության առկայությամբ:
Ամենաերկարակյաց ազգը աշխարհում ճապոնացիներն են` միջինը՝ 82 տարի: 1987թ-ին Հայաստանը Խորհրդային միության տարիներին ունեցել է ամենաբարձր ցուցանիշը, որն այսօր նվազել է: Հայաստանում ապրողների կյանքի տևողությունը գնահատված է 75 տարի: