Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողեր, փողեր, փողեր

Տնտեսություն
81ebe190545c9510d4e3d2f7ce7bb7b8

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 751.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 80.9% ով և 76.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը:

Արտաբյուջետային եկամուտները կազմել են 20.9 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 88.5%-ը, իսկ ծախսերը` 16.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 62.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 731.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 734.7 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 80.7% և 77.3% կատարողական:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5% ով կամ 32.1 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 691.9 մլրդ դրամ` 77.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2%-ով կամ 52.5 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 46.6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդն առաջացել է պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների օգտագործման արդյունքում, որոնց գծով հավելուրդը կազմել է 4.5 մլրդ դրամ: Առանց արտաբյուջետային միջոցների, պետական բյուջեն կատարվել է շուրջ 3 մլրդ դրամ պակասուրդով:

Պետական բյուջեի հավելուրդի ներքին աղբյուրները կազմել են -12.8 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` 11.2 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների ծրագրայինից շեղումների արդյունքում բյուջեի ազատ միջոցներից ծրագրով նախատեսված 23.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 16.6 մլրդ դրամով:

Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։