«Նապոմինայտե մնե, նապոմինայտե...» (տեսանյութ)
ԱԺ այսօրվա քառօրյայում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախարարի վսատհեցմամբ՝ օրենսգրքում կան բազմաթիվ թերացումներ, որոնց շտկումն անհրաժեշտություն է:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մասնավորապես նշեց, որ ինքը խնդիր ունի ոչ թե նախարարի ներկայացրած նախագծի, այլ օրենսգրքի հետ. «Առաջին գլխի ձեւակերպումներն աբսուրդ են: Դեռ 1990թ. ասում են, որ նոր օրենսգիրք են գրում, հիմա 2012թ. է, դեռ ոչինչ չի արվել: Ես գտնում եմ, որ այդ սովետական ձեւակերպումները հանենք, ամոթ է. օրենսգրքում խոսում ենք մի կայսրության մասին, որը գոյություն չունի, նույնիսկ ՌԴ-ում չկան այլեւս նման ձեւակերպումներ: Կոչ եմ անում՝ ուժը կորցրած համարել օրենսգրքի առաջին գլուխը»:
«Ձեզ հետ չհամաձայնվել չեմ կրող, սակայն կարծում եմ՝ օրենսգրքի առաջին գլխի 1-7-րդ նորմը հանվի, 8-ը՝ պահպանվի: Մահացած նորմ է, հասկանում եմ դրա գոյությունը ցանկալի չէ»,- արձագանքեց նախարար Թովմասյանը:
Ալեքսանդր Արզումանյանն ավելացրեց նաեւ, որ ինքն անձամբ բարոյական բավարարվածություն է ուզում ստանալ՝ այդ ձեւակերպումներն այլեւս մեր օրենսգրքերում չտեսնելով. «Թե չէ, դրանք անընդհատ հիշեցնում են, որ կա ԽՍՀՄ-ի ուրվականը: Դա ինձ հիշեցնում է մի հին անեկդոտ, երբ մեկը գնում է կրպակից «Պրավդա» թերթ գնելու, ասում են պրավդա էլ չկա, մարդն ասում է՝ նապոմինայտե մնե, նապոմինայտե... Հիմա սա է»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս հայտարարեց, որ իկսպաես ճիշտ կլինի նման փոփոխությունների կատարումը. «Որ մենք էլ, ինչպես նշեց Ալեքսանդր Արզումանյանը, բոլորս բավարարված լինենք»: