Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայքրոսոֆթը» գոհ է Էկոնոմիկայի նախարարությունից

Տնտեսություն
bb199b70ed8fb72748a813886aba7bef

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության գերատեսչություններից առաջիններից է, որ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ: Այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ:

Կողմերը, գոհունակություն հայտնելով կայացած գործարքի կապակցությամբ, նշել են, որ այն կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման ուղղությամբ:

Նշված պայմանագրով ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր և ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս քայլը` Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ դրական այս օրինակն իր շարունակությունը կունենա նաև Կառավարության կառուցվածքում գործող այլ գերատեսչությունների շրջանում:

«Մայքրոսոֆթ» կորպորացիան Հայաստանում հիմնել է իր ներկայացուցչությունը 2006 թվականին։ 2007թ. ստորագրված պայմանագրի շրջանակում ընկերությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ` կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման բնագավառներում, իրականացրել է Microsoft Windows և Microsoft Office ծրագրային փաթեթների տեղայնացում (հայաֆիկացում), մասնագետների վերապատրաստում և սերտիֆիկացում, Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում և այլ միջոցառումներ: