«Տվել է Օսկանյանին և ասել՝ տնօրինեք» (տեսանյութ)
Այսօր Վերաքննիչ դատարանը քննեց «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ԱԱԾ-ի կողմից մայիսի 25-ի քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Փաստաբան Արթուր Գիրգորյանը դատարանում հայտարարեց, որ ԱԱԾ-ն վնաս է հասցրել «Սիվիլիթաս» հիմնադրամի գործարար համբավին։
Ազգային անվտանգության քննչական վարչության պետի տեղակալ Արմեն Համբարձումյանը, ով դատական այս նիստում ներկա է որպես պատասխանող կողմ, պնդում է, որ մայիսի 25-ի իր կայացրած որոշումը մեղադրանքի ոչ մի տարր չի պարունակում և ուղղված է կոնկրետ անձի դեմ։ Իսկ ԱԱԾ-ն, ըստ Արմեն Համբարձումյանի նույնիսկ օգնել է «Սիվիլիթասին»՝ հանցագործությունը բացահայտել։
«Քրեական գործ հարուցելու որոշման մեջ իմ կողմից հստակ նկարագրվել է հանցավոր այն արարքը, որը նախորդել է փողերի լվացմանը։ Մասնավորապես նշվել է որ բացառապես բարեգործական նպատակներով նախատեսված 530 մլն դրամը այդ նպատակներով իրականում չի ուղղվել»,- դատարանում հայտարարեց նա։
Արմեն Համբարձումյանը պնդում է, որ այդ փողերի հանցավոր ճանապարհով ստացման եղանակը խեղաթյուրելու համար դրանք փոխանցվել են ֆիզիկանան անձանց հաշվեհամարներին և գումարի մեծ մասը ձևակերպվել է որպես ավանդ։ Բացի այդ կատարվել են անձնական նպատակներով ծախսեր։
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հայտարարեց,որ հիմնադրամը անկախ կազմակերպություն է և ոչ ոք իրավունք չունի խառնվելու նրա ներքին գործերին. «Նվիրատուն այդ փողերը տվել է Վարդան Օսկանյանին և ասել է՝ փողերը տնօրինեք այնպես, ինչպես հարմար կգտնեք»
Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը վերջնական վճիռը կկայացնի սեպտեմբերի 27-ին, ժամը 10։ 45-ին։