«Հարսնաքարի» մանղալի ծխատարը խցանվե՞լ էր
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքը բռնկվել է ծխատարի հատվածում, որտեղ հակահրդեհային համակարգ չի եղել:
«Եթե շենքում լիներ հրդեհը, ավտոմատիկան կգործեր»,- ասում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության լրատվության և քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։
Պաշտոնապես սեպտեմբերի 21-ի հրդեհի պատճառը դեռ չի հրապարակվում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է մանղալի ծխատարի խցանման հետեւանքով։
Ինչ վերաբերում է ՀՀԿ գրասենյակի տանիքում 4 ամսվա ընթացքում բռնկված երկրորդ հրդեհին, ապա. «Այդ տանիքում հիմա լրիվ քանդված վիճակ է և իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Եռակցման աշխատանքների հետևանքով է եղել »։
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչն այսօր խոսեց նաեւ և Գյումրիի «Պուրակ» քաղցրավենիքի խանութ-արտադրամասում բռնկված հրդեհի մասին, նշելով, որ այս դեպքում, թեեւ հակահրդեհային համակարգ տեղադրված է եղել, սակայն այն չի գործել:
«Դե, տեխնիկա է, հնարավոր չի ասել, երբ կաշխատի, երբ չի աշխատի»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային նշանակության վայրերում հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացնում է տարին մեկ անգամ, լինում են նաև դեպքեր, երբ այս կամ այն սրճարանի կամ ռեստորանի տնօրենը տուգանվում է: Տուգանքը կարող է լինել 25 հազարից մինչև 150 հազար դրամ:
Ի դեպ, ռեստորաննների և սրճարանների տերերը պնդում են, որ մեծ գումարներ են ծախսում իրենց «օբյեկտներում» հակահրդեհային համակարգեր տեղադրելու համար և տեղադրում են ամենաանվտանգները: