Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 անարձագանք օր՝ Նախագահականի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
f917f341bb53e8ac34f714a278f9249a

Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկն արդեն 100 օր է Նախագահականի առջև է: Մոտ 80 օր տևած նստացույցից և 21 օրվա հացադուլից հետո էլ Էմմա Սահակյանը ոչ մի արձագանք չի ստացել Սերժ Սարգսյանից: Այսօր նրան աջակցելու են եկել մի քանի երիտասարդներ: «Մենք փորձելու ենք մեր ուժերի ներածին չափով տիկին Էմմայի հարցին որոշ չափով լուծում տալ: Կփորձենք տան հարցը լուծել գուցե մեր ընկերների կամ բարեկամների միջոցով, որպեսզի այս կինը ոչ փողոցում մնա, ոչ էլ քաղցած մնա»,- ասաց Արև Լալայանը:

Երիտասարդները եկել են Էմմա Սահակյանի խնդրի լուծման համար նոր տարբերակներ գտնելու: Նրանք համոզված են, որ Սերժ Սարգսյանը ուշադրություն չի դարձնի իրենց: Երիտասարդները եկել են պարզապես աջակցելու տիկին Էմմային:

« Մենք ակնկալիք չունենք, որովհետև նկատող մարդը դժվար 100 օր չնկատեր, և այսօր մի քանի հոգի ավելանալուց ինչ- որ բան նկատի»,- ասաց Արև Լալայանը:

Տիկին Էմմաի խնդրի լուծումը երիտասարդներն առաջին հերթին տեսնում են իրավաբանական մակարդակում: Նրանց համար ամենևին էլ կարևոր չի, թե Գարեգին Նժդեհի բարեկամուհին է տիկին Էմման, թե ոչ: «Նա քաղաքացի է: Իսկ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ պետք է ուշադրություն դրսևորվի: Այս պահին կարևոր չէ, թե նա ով է: Կարևորը` նա ՀՀ քաղաքացի է»,- ասաց Խաժակ Դրամբյանը:

Էմմա Սահակյանը ասում է` հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ իր խնդրին դրական լուծում տան: «Թեկուզ նոր հետաքննություն անցկացվի, որի հիման վրա ես կապացուցեմ իմ ճշտությունը: Բայց եթե հացադուլը դադարեցնեմ, կանցնեմ նստացույցի, որովհետև ես նրանց չեմ հավատում»,- ասաց Էմմա Սահակյանը:

Նշենք, որ տիկին Էմման Սրեժ Սարգսյանից պահանջում է վերականգնել իր իրավունքները, որպեսզի կարողանա վերադարձնել խաբեության միջոցով կորցրած իր բնակարանը: