Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշտարակ կաթը» գյուղացուն պարտք է

Հասարակություն
71c49fc25bc6ed9edf81329ee0f3f6ae

Ծատրյանների գոմում մի քանի օր հետո նորածին հորթուկ կհայտնվի: Նշան անունով կովին այլեւս դաշտ չեն ուղարկում, պետք է ծնի: Այս տանը կաթի եւ կաթնամթերքի պակաս երբեք չի զգացվում:

Ծատրյանները 6 կթու կովերից ամռանը մոտ 70 լիտր կաթ են ստանում:

Սյունիքի մարզի Բնունիս գյուղում վերջին մեկ տարում կթու կովերի գլխաքանակը ավելացել է: Ինչը համայնքի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը պայմանավորում է կաթի գնի բարձրացմամբ: Այս տարի սակայն «Աշտարակ կաթ» ընկերությունը գյուղացիներից կաթը մթերել է 1 լիտրը 90-95 դրամով:

«Հողից դուրս եկած ջուրը 160 դրամով են ծախում, կաթը՝ 90 դրամով են ընդունում»,- ասում է Սերյոժա Ծատրյանը։

Բացի այդ՝ «Աշտարակ կաթը» նրանց եւս գումարներ է պարտք:

Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Տորունիք, Արեւիս, Դաստակերտ համայնքների բնակիչներին «Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է մոտ 20 մլն դրամ։ Ըստ բնակիչների՝ ընկերությունը վերջին վճարումը կատարել է 10 օր առաջ՝ հունիսի առաջին կեսին մթերած կաթի դիմաց։