«Արմավիայի» վճարման անդորրագրի պատճենը մեզ կբավարարեր»
««Զվարթնոցը» մեզնից կանխավճար է ուզում»,-«Ա1+»-ին տեղեկացրեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Նա ասում է, որ իրենք կանխիկ վճարել չեն կարող «Զվարթնոցին» որպեսզի վերականգնեն վերջին երկու օրվա ընթացքում դադարեցված չվերթները։
Տիկին Ավետիսովան ասում է, որ երեքշաբթի օրը կուտակված պարտքերի փոխանցումն արդեն արել են, որը «Զվարթնոցին» պետք է հասներ 2-3 օրվա ընթացքում։
«Վճարման անդորրագրի պատճենը մեզ, ինչպես ցանկացած մեկին, կբավարարեր չվերթները վերսկսելու թույլտվության համար»,-«Ա1+»ին ասաց «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը։
Նա ասում է, որ օդանավակայանը վստահություն չունի, որ փոխանցում է արվել։ Չնայած դրան, ըստ պարոն Աբրահամյանի, երեկ երեկոյան օդանավակայանը թույլատրել է «Արմավիայի» օրվա ընթացքում չկայացած չվերթների թռիչքը զուտ ուղեւորների շահերից ելնելով, այսօր առավոտյան նորից դադարեցվել է չվերթների սպասարկումը։ «Դեռ չեմ կարող ասել՝ այսօր նույնը կլինի, թե՝ ոչ»,-ասաց Գեւորգ Աբրահամյանը։
Ի դեպ, անդրադառնալով անդորրագրի պատճառով չվերթների վերականգնումն սկսելու հնարավորությանը, «Արմավիայի» մամուլի քարտուղարը նկատեց, որ անդորրագիրը փոխանցում է ֆինանսական տնօրենը. «Թող երկու ընկերությունների ֆինանսական տնօրենները նստեն խոսեն»։
Այսօր, ըստ «Զվարթնոցի» չվացուցակի՝ «Արմավիան» չի թռչի Սոչի, Թել-Ավիվ, Կիեւ։
Ուղեւորներին օդանավակայանի աշխատակիցներն ու նաեւ կայքը խորհուրդ են տալիս դիմել ավիաընկերությանը։