Հոգեկան հիվանդներին ստիպում է անասուններ պահել
Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդ Հունան Նավոյանը շտապում է Ներքին Շորժայի սարերում իր խնամքին հանձնված հիվանդանոցի ոչխարների ետեւից
Հունանը տառապում է շիզոֆրենիայով։ Հարցերի մեծ մասին պատասխանում է անհասկանալի բառերով։ Այնուամենայնիվ Հունանը հասկացնում է, որ ոչ ոք իր կարծիքը չի հարցրել այս գործը վստահելիս. «Սաղին ա զաստավիտով կուղարկեն, ոչ մեկը չի ուզի գա»։
Հունան Նավոյանը երեկոյան ժամը 18-ին ասում է, որ հաց է կերել միայն առավոտյան՝ մի ափսե ճաշ։ Էպիլեպսիայով տառապող Մուշեղ Բազոյանին վստահվել են տնօրենի խոշոր եղջերավորները։
Մուշեղը տնօրենին անձամբ է ասել, որ չի ուզում կով պահել, նրան լսող չկա։ Այդ դժգոհությունը, ըստ հիվանդ ծերունու, հոգեբուժարանի աշխատողների կողմից հաճախ է արժանանում դաժան վերաբերմունքի
«Տո ծեծում էլ են, լավ չէ, աշխատող, մաշխատող, տվել են սաղ, ատամ-մատամ ջարդել են»,- ասում է նա «Հետքի» հետ զրույցում։
Մուշեղը երեկոյան տեղեկացնում է, որ հաց է կերել առավոտյան։ Հաջորդը նրան սպասում է իրիկունը։ Հարցազրույցի վերջում Մուշեղն աղաչում է, որպեսզի հոգեբուժարանի ղեկավարությանը խնդրեն իրեն ազատեն այս գործից։ Ի դեպ, հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հերքել է հիվանդների անասուն պահելու փաստը, նա ասել է, որ հիվանդները պարզապես դուրս են գալիս զբոսնելու:
«Դա բժշկական թերապիա է»,-ասել է Նվեր Հովհաննիսյանը «Հետքին»։