Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հացամթերքի սպասարկման ոլորտում խայտառակ վիճակ է»

Հասարակություն
f4bef3cbf3b94491271e62b21cffa1e2

Հացամթերքի գների պարբերական աճին զուգահեռ, արտադրվող հացի որակի եւ հացամթերքի վաճառքի պայմանների բարելավում չի նկատվում։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը:

Նրա խոսքերով, հատկապես Երեւանի արվարձաններում ու մարզային բնակավայրերում «խայտառակ պայմաններում է իրականացվում» ոչ միայն հացի վաճառքը, այլեւ փոխադրումը։
«Կեղտոտ ձեռքերով, հակասանիտարական պայմաններում կեղտոտ մեքենաներով, նույն բեռնախցիկում, որտեղ մարդիկ են նստում, հացն ուղղակի առանց արկղերի տեղափոխվում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացն ամենօրյա օգտագործման ամենալայն սպառման ապրանք է, մտահոգությունը մեծ է, որ այդ վիճակը կարող է հեշտությամբ դառնալ ամենատարբեր համաճարակների տարածման պատճառ», - նշեց տիկին Յագուբյանը:

Ըստ նրա, պետական համապատասխան կառույցները, մասնավորապես` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բավարար ուշադրություն չեն դարձնում այս փաստի վրա։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օրերս մամուլում  հացի թանկացման շուրժ մեկնաբանություն էր տվել, թե տեղին չի համարում ոլորտին միջամտությունը, քանի որ հացի արտադրության շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան։

Լուսինե Յագուբյանը, սակայն, «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ հացամթերքի գները թելադրում են ոչ այնքան հաց արդադրողները, որքան ցորեն ներկրողները:

Նշենք, որ այս ոլորտում գերիշխող դիրք է գրավում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: