Կալանավորվել է Վահագն Խաչատրյանը
Վերջին օրերի ընթացքում յոթ հոգի է կալանավորվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է կենսաթոշակի նշանակման եւ վճարման կարգի խախտումներին։ Այս լուրը հաստատեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը։
Նախաքննության փուլում գտնվող գործի շրջանակներում խարդախության եւ յուրացման համար մեղադրանք էր առաջադրվել 24 անձի, որոնցից 7-ի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ մեկը հետախուզվում է։ Կալանավորված անձանցից 5-ը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ են, իսկ 2-ը՝ տվյալ ծառայության պաշտոնատար անձի բարեկամներ, որոնց միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափերի գումարներ:
Հիշեցնենք, որ այս գործով պետությանը հասցվել է 72 մլն դրամի վնաս, որից կեսը՝ 36 մլն դրամը վերականգնվել է նախաքննության փուլում։
Հիմնական գործից անջատված երեք մասերով 12 անձանց նկատմամբ արդեն կայացվել են դատավճիռներ։
«Ա1+»-ի տեղեկություններով՝ կալանավորվածներից մեկը սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանն է։։