Հանրային պաշտպանները կավելանան
Հանրային 32 պաշտպանների թիվը, որոնք բացառապես զբաղվում են քրեական գործերով, նախատեսվում է ավելացնել եւս 18-ով:
Այսօր Կառավարության ընդունված այս որոշման մասին նիստից հետո պարզաբանումներ տվեց նաեւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ օրենսդրությամբ հստակ սահմանված է, թե դրանք որ գործերն են. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունով, որն այդ մասով ուժի մեջ կմտնի 2013թ., ոչ թե հիմք է ընդունվում գործի տեսակը, այլ դատավարության մասնակիցների սոցիալակական վիճակը: Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի նաև քաղաքացիական եւ վարչական գործերով: Չեմ բացառում, որ կկատարվեն նաեւ համապատասխան փոփոխություններ եւ յուրաքանչյուր փաստաբան կպարտավորվի որոշակի ժամանակահատված անվճար այդ օգնությունը ցուցաբերել: Այսինքն, մենք կկարողանանք ավելի մեծ խմբով աձանց այդ ծառայությունները մատուցել»:
Նա գոհ է հանրային պաշտպանների աշխատանքից: Ըստ նրա` հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը երբեմն ավելի մեծ է լինում, քան ակտիվությամբ աչքի ընկնող շատ փաստաբանների դեպքում:
Հանրային պաշտպաններն իրենց ծառայությունները քաղաքացիներին մատուցում են անվճար. նրանք ընդամենը ստանում են պետբյուջեով սահմանված մոտ 250 հազար դրամ աշխատավարձը:
Նախարարը կարծում է, որ ավելացնելով հանրային պաշտպանների թիվը, հնարավոր կլինի ազդել նաեւ նրանց աշխատանքի որակի վրա. «Արդեն կան Փաստաբանական պալատի ղեկավարի հետ համապատասխան համաձայնություններ եւ կան անձինք, որոնք ցանկություն են հայտնել աշխատելու եւ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո շատ արագ այդ խնդիրները կլուծվեն»: