Դասագրքերը կտրամադրվեն անվճար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 28-ին ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը:
Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել էառկա խնդիրներին:
ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաև ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Իր խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներեին տրամադրվելու են անվճար: Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության և գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետևողական վերահսկողություն»։
Նախարարը նաեւ նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով: Նախարարը հիշեցրել է, որ 2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա. «Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհարաժեշտ որակովորում»։
Նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կավարտվի 2016 թվականին: