Ձկնաբուծությունը վնա՞ս է կրում
Հայկական ձկնարտադրությունն արտահանման լուրջ խնդիրներ ունի դեպի ՌԴ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
Ըստ նրա` արտահանմանը խոչընդոտում են ձկնարտադրության հիմնական մրցակից պետությունները` Թուրքիան ու Նորվեգիան, որոնք, ըստ պարոն Աթոյանի, ավելի ցածր գներով ձկնատեսակ են առաջարկում, որը խոչընդոտում է հայկական արտադրողին. «Հիմա ցանկանում ենք եվրոպական շուկա դուրս գալ, սակայն նրանց պահանջները բավականին շատ են. 2 տարի է` աշխատում ենք, սակայն նախապատրաստական այդ աշխատանքները չենք կարողանում վերջացնել: Ինչ վերաբերում է վրացական շուկային, ծավալային արտահանում չի լինում, այլ այն տարերային բնույթ է կրում»:
Հայկական ձկնատեսակների ատահանմանը խոչընդոտում է նաեւ ձկան կերի թանկացումը. միջազգային շուկաներում ձկան կերը 40 տոկոսով բարձրացել է, իսկ ձկնատեսակների ինքնարժեքն ընկել է: Ի դեպ, Արթուր Աթոյանի ներկայացրած տվյալներով` 3 ամիս առաջ 20-25 կիլոգրամանոց ձկան կերի տոպրակն արժեր 35-40 եվրո:
Պարոն Աթոյանին խիստ վիրավորում են այն հայտարարությունները, թե մեր ձկնաբուծության բնագավառում օգտագործվում է հորմոնալ հարստացված կեր. «Նման բան չկա. օգտագործում ենք միայն եվրոպական կեր, եւ հետո, քանի որ պետական մակարդակով սահմանի վրա փորձաքննություն է արվում` նման կերերի ներհոսքը կասեցնելու համար, ապա հորմոնալ հավելանյութերի օգտագործումը բացավում է»: Ի դեպ, եթե սովորական մանրաձուկը նորմալ արտադրանք դառնում է 7-8 ամսվա ընթացքում, հորմոնալ կերի դեպքում` 2 ամսվա ընթացքում: ՀՀ-ում եւս արտադրվում է ձկնակեր, սակայն դրանք փոքր ծավալներ են կազմում ու պարոն Աթոյանի վստահեցմամբ` իրենց միավորման անդամներից քչերն են դրանից օգտվում:
«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի կազմում կա 138 կազմակերպություն, իսկ, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով` 234-ը: Միայն ՀԿ-ի մաս կազմող ընկերությունների արտադրանքը 2011թ. միջինում եղել է 8 հազար տոննա:
Ձկնատեսակներից հիմականում արտադրվել են թառապազգիներ, իշխան: Ինչ վերաբերում է սիգին, ապա Արթուր Աթոյանը նշեց, որ այն արտադրվում է միայն անհատական, բակային ջրավազաններում:
Բացի կերից ու արտահանումից, ձկնարտադրության համար լուրջ խնդիր է դարձել նաեւ ջրօգտագործումը: Հատկապես Արարատյան դաշտավայրի մշակողները բողոքում են, որ հենց ձկնաբուծության արդյունքում, երբ շռայլորեն օգտագործվում են գրունտային ջրերը, առաջացել է ոռոգման խնդիր է: Մի շարք մասնագետներ էլ են նշում են, որ հենց դա է պատճառ հանդիսացել, որ այս տարի ԱԺ-ն որոշեց Սեջանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր ավելի ջուր վերցնել: «Մենք գրունտային ջրեր չենք օգտագործում, մենք ապօրինի չենք օգտագործում ընդերքի ջուրը. մենք օգտագործում ենք ընդերքի խորքային ջրերը, որոնք 120 մետր հորատումից հետո երկրի մակերեւույթ են հանվում»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրենը: