Հայերը 3-րդն են, ադրբեջանցիներն 1-ինը
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդավայր Ուլյանովսկում անցկացվեց մինի ֆուտբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Ուլյանովսկի մարզում ապրող տարբեր ազգությունների հավաքականները:
18 թիմերը սկզբում բաժանվել են 6 խմբերի, որոնց հաղթողները, ինչպես նաեւ երկրորդ տեղը գրաված լավագույն ընտրանիները մտել են փլեյ օֆֆ: Հայ ֆուտբոլիստները իրենց խմբում գրավել են առաջին տեղը` առաջ անցնելով պաղեստինցիներից եւ աֆրիկացիների 1-ին հավաքականից:
Քառորդ եզրափակիչում մեր հայրենակիցները 3:1 հաշվով հաղթել են վրացիներին, իսկ ահա կիսաեզրափակիչ խաղում անչափ լարված պայքարում զիջել են ադրբեջանցիներին` 0:1:
Երրորդ տեղի համար մրցամարտում մերոնք կրկին հաղթել են աֆրիկացիների 1-ին հավաքականին` 2:0, եւ արժանացել բրոնզե մեդալների: Առաջին տեղը գրավել են ադրբեջանցիները, որոնք եզրափակիչում պարզապես ջախջախել են դաղստանցիներին` 6:2:
Ի դեպ, մրցաշարը կազմակերպել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը», որի նախագահը հայտարարել է, որ սպորտը մտերմացնում եւ բարեկամացնում է տարբեր ազգերին: Մասնակիցները վերջում քաղաքական ակցիա են անցկացրել` պաշտպանելով Վլադիմիր Պուտինիի թեկնածությունը ՌԴ նախագահի ընտրարշավում: