Բարձրադիր վայրերում ձնաբուք է
Սյունիքի մարզի ամենաբարձր կետում՝ Մեղրիի լեռնանցքում ձնաբուք է:
«Ճանշին» ընկերության աշխատակիցները շարունակում են պայքարել ձյան դեմ: Տնօրեն Ազատ Գասպարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ քամին չի դադարում և անընդհատ բերվածքները լցնում է ճանապարհը:
Ցածր տեսանելիությունն էլ դանդաղացնում է մեքենաների երթևեկը, սակայն ճանապարհն անցանելի է: Գործի է դրվել ընկերության յոթ միավոր տեխնիկա, ևս հինգ ինքանթափ մեքենա էլ բեռնավորված է աղով և ավազով:
Մեղրիի մաքսակետից ծանր բեռնավորված մեքենաներին չի թույլատրվում տեղաշարժվել: Իսկ Գորիս-Սիսան, Կապան-Գորիս ճանապարհատվածները բաց են:
«Ոսմար» ընկերությունից հայտնում են, որ քամի չկա, ճանապարհը մշակված է աղով և ավազով: Սիսանի «Զանգեր» կոչվող հատվածում էլ այս պահին ճանապարհների լայնացում է կատարվում՝ ճանապարհն արդեն երթևեկելի է: