Դատարանը խղճաց մարդասպանին
Սերբիայի վերաքննիչ դատարանը տեղի 15 ֆուտբոլային խուլիգաններին դատապարտել է տարբեր տարիների ազատազրկման` 4 տարի առաջ ֆրանսիացի ֆուտբոլասերին սպանելու համար:
2009 թվականի սեպտեմբերի 17-ին «Պարտիզան» - «Թուլուզա» խաղից առաջ ֆուտբոլասերները Բելգրադի կենտրոնում գտնվող սրճարանում ծեծել են ֆրանսիական թիմի 28-ամյա երկրպագուին: Վերջինս սեպտեմբերի 29-ին մահացել էր տեղի հիվանդանոցներից մեկում:
Ի դեպ, դատարանը 18 տարով կրճատել է ֆուտբոլային խուլիգանների ղեկավար Ջորջե Պրելիչի պատժաչափը` 35 տարվա ազատազրկումը դարձնելով 17 տարի:
Հարկ է նշել, որ այս օրերին Սերբիայում ընթացող հանդբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ազգայնամոլները կանգնեցրել են խորվաթ երկրպագուների ավտոմեքենաները եւ մահակներով ջարդել ապակիները: Արդյունքում, մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ հարձակվողներից 13-ը ձերբակալվել են:
Այսօր կայանալիք Սերբիա - Խորվաթիա կիսաեզրափակիչ խաղի անվտանգությունը կապահովեն 5000 ոստիկաններ, որոնք առավոտից մինչեւ կեսգիշեր կհերթապահեն Բելգրադի փողոցներում: