Եթովպիայում կան սեւամորթ հայե՞ր
«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արթուր Բախտամյանի «Հաբեշական օրագիր» հեղինակային ֆիլմի պրեմիերան: Այն, ինչպես եւ Բախտամյանի ցանկացած հաղորդաշար ու ֆիլմ, ճանաչողական բնույթի է։
«Հաբեշական օրագրից» պարզվում է, որ աֆրիկյան այդ հեռավոր, քաղաքակրթությունից մոռացված կղզում էլ կան հայեր, նույնիսկ սեւամորթ հայեր։ Ու ոչ միայն կան, այլեւ խորապես նպաստել են այդ երկրի զարգացմանը։
Ֆիլմը ծնվել է երկարատեւ հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում. «Առաջին փուլում՝ գրքերով, գրադարաններում, կայքերում, հետո ի հայտ էին գալիս իրական մարդիկ, որոնք Եթովպիայում՝ Ադիս Աբեբայում էին ապրում ու աշխատում, ու այդպես հասունացավ գաղափարը՝ ճանաչել ու ներկայացնել բիբլիական այն օազիսը, որտեղ հայերը եթովպացիների համար օտար չեն, եւ եթովպացիները՝ հայերի»,-ասում է ֆիլմի հեղինակը։
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արթուր Բախտամյանի ընկերներից մեկը պատմեց, թե ինչպես են հայերը 20-րդ դարասկզբին բնակեցրել Եթովպիան։ «40 հայ որբեր Երուսաղեմից գաղթել են Եթովպիա։ Նրանք հետագայում հիմնել են Եթովպիայի թագավորական նվագախումբը։ Նվագախմբի դիրիժորը Գեւորգ Նալբանդյանն է եղել՝ Եթովպիայի հիմնի հեղինակը, իսկ նրա եղբայրը երաժշտական կրթության եւ կոնսերվատորիայի հիմնադիրը»,-պատմում է Արթուր Բախտամյանը։ Հայերը մեծ հաջողություն ունեն ոսկերչության մեջ. թագավորի բոլոր շքանշանների, թագերի, թագավորական խորհրդանիշների հեղինակները հայեր էին։
Ընդհանրապես, հայերը շատ մեծ ավանդ են ունեցել Եթովպիայի բժշկության, գյուղատնտեսության, մշակութային, տնտեսական, քաղաքական զարգացումների վրա։ Մինչ այժմ Եթովպիայում կա Արմանիա քաղաք, որում արդեն հայեր չեն ապրում, բայց անվանումը պահպանվում է։ Իսկ հայկական արմատն այդ հողում 20-րդ դարասկզբից չի սկիզբ առնում, այլ՝ 5-րդ դարից, եւ դրա մասին կան հիշատակումներ։
10- րդ դարում եթովպացիները հետաքրքիր առնչություններ են ունեցել Կիլիկյան Հայաստանի հետ, Երուսաղեմի Հայոց պատրիարքի եւ Սիսի թագավորների հետ։ Իսկ 17-րդ դարում Եթովպիա այցելած Հովհաննես Արքեպիսկոպոս Թութունջին նկարագրել է մայրաքաղաքը, հաբեշական մշակույթը, կենցաղը, նիստ ու կացը, եւ Կապույտ Նեղոսի ակունքը, որը սկսվում է Եթովպիայում, հետո, Թանա լճով դուրս է գալիս ու ձգվում դեպի Եգիպտոս։
Մոտ 1 ժամ տեւողությամբ «Հաբեշական օրագիրը» բացի տեղեկատվական հզոր բազայից, շատ ավելի կարեւոր արժեք ունի. այն սովորեցնում է երջանիկ լինել աղքատության մեջ, ապրել առանց ինտրիգների, անցյալը չդարձնել առասպել, եւ բնության հետ գոյատեւել ներդաշնակ։ Այստեղ առասպելը դառնում է իրականություն։