Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 տարի անընդմեջ՝ Պետական երգչախմբի հետ (տեսանյութ)

Մշակույթ
c5c4ae85ae169c13fc203639c0a7f546

Ուղիղ 50 տարի առաջ` 1961 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական երգչախումբը բեմ բարձրացավ իր նոր գեղարվեստական ղեկավարի՝ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Մինչ 32-ամյա պոլսահայ երաժիշտը՝ կապելլան 11 խմբավար էր փոխել, վերջինն էլ հրաժարականի դիմում էր գրել, այնպես որ Պետական երգչախումբը փաստացի ղեկավար չուներ և լուծարման եզրին էր:
Ու մաեստրոյի Հայաստան գալը ճակատագիր դարձավ երգչախմբի համար:
Նա գլխավորեց իր երգչախմբի հաղթարշավն ու նրա շնորհիվ խումբն արժանացավ «Ակադեմիականի» բարձր կոչմանն ու մշակույթի մեծերի բարձրագույն գնահատականին: Շրջագայություններ նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ու արտասահմանյան երկրներում. 800-ից ավել համերգ:

Երբ Գրիգոր Խանջյանը ձևավորում էր երգչախմբի ազդագիրը, օգտագործեց Հերբերտ ֆոն Կարայանի ձեռքերի պատկերը, քանի որ Չեքիջյանի յուրաքանչյուր մատը, ասում էր նա, ֆոն Կարայանի նման, ի զորու է «խոսեցնել» երգչախմբին:


Մաեստրոյի համար առանձնահատուկ են հատկապես լենինգրադյան համերգները: Նրա խոսքով «այս ունկնդիրը միշտ էլ առանձնացել է որպես նրբաճաշակ ու ակադեմիական մակարդակի ունկնդիր, ով կարող էր համերգի գալ պարտիտուրայով: Շոստակովիչի անվան դահլիճն էլ Եվրոպայի լավագույն համերգասրահներից էր, Լենինգրադի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը` Եվրոպայի լավագույն նվագախմբերից»:

«Արվեստը հպարտ է և չի կարող ապրել տնվորի իրավունքով։
Արվեստը պետք է ապրի տանտիրոջ պես, լինի իր օջախի, ծխի տերը, արմատներով իջնի հողի մեջ, սաղարթով ապրի երկնքում։
Անհայրենիք արվեստ չկա և չի կարող լինել».
Հովհաննես Չեքիջյանի այս խոսքերի ապացույցը աշխարհի տարբեր բեմահարթակներից հնչեցրած կոմիտասյան խմբերգերի անզուգական կատարումներն են:

Եվ ահա 50 տարի անց` նույն օրը, և նույն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կյանքի 8-րդ տասնամյակը բեմում բոլորած մաէստրոն, իր արվեստի երախտավորների հետ ու նրանց համար կհնչեցնի բարձրարվեստ երաժշտական կտավների իր ինքնատիպ մեկնաբանությունները: