ՀՄԼՖ-ի նախագահը մնաց իր տեղում
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանը:
Ֆեդերացիայի հերթական հաշվետու-ընտրական համաժողովին ներկա 23 լրագրողներն այդ պաշտոնում միաձայն ընտրեցին հայտնի լրագրողին:
Բաց քվեարկությամբ ընտրվեցին նաեւ նախագահի երկու տեղակալները, գլխավոր քարտուղարը եւ 7 հոգուց բաղկացած գործադիր կոմիտեի կազմը:
Համաժողովին ներկա էր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Կարեւորելով մարզական լրագրության դերը հանրապետության սպորտային կյանքում, նա ասաց, որ օլիմպիական կոմիտեն մտադիր է ավելի սերտ համագործակցել ՀՄԼՖ-ի հետ` սպորտի պրոպագանդան էլ ավելի ակտիվացնելու համար:
Համաժողովի մասնակիցները քննարկեցին մարզական լրագրությանը նվիրված մի շարք խնդիրներ, մասնավորապես` ի՞նչ չափանիշներով ընտրել ՀՀ 10 լավագույն մարզիկների թեկնածուներին, ո՞ր մարզաձեւերի ներկայացուցիչներին ներգրավել այդ ցուցակում եւ որոնց ընդհանրապես տեղ չհատկացնել: