Գալիս են՝ լավ արդյունքի հասնելու համար
Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը հարձակման գիծը ուժեղացնելու նպատակով վերջին պահին թիմ է հրավիրել տեղի «Վարդարի» հարձակվող Ֆիլիպ Իվանովսկուն, որը այս մրցաշրջանում անցկացրել է 9 խաղ, խփել՝ 5 գոլ:
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը Երեւան կժամանի նախապես որոշված 20 խաղացողով: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով թիմից դուրս էին մնացել առաջատար հարձակվողներ Գորան Պանդեւն ու Ագիմ Իբրահիմին:
Մակեդոնիայի հավաքականը երեկ երկու մարզում է անցկացրել, իսկ այսօր չարտերային չվերթով կժամանի Երեւան:
«Մենք սկսել ենք նոր թիմ ձեւավորել, որը հիմնականում համալրված է երիտասարդ խաղացողներով: Ճիշտ է, Հայաստանի եւ Սլովակիայի հետ հանդիպումները մենք դիտարկում ենք որպես աշխարհի 2014 թ առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստական փուլ, սակայն Երեւան ենք մեկնում լավ արդյունքի հասնելու համար», - մակեդոնական լրատվամիջոցներին հայտնել է հավաքականի փորձառու դարպասապահ Տոմե Պաչովսկին: