Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀնախագահը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ․ օրակարգում՝ համագործակցության ընդլայնում (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովի մասնակիցներին Երևանում, ուրախ եմ նաև մեր հանդիպման հնարավորության համար և հուսով եմ, որ Ձեր այցելությունը մեր երկիր իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամության և փոխգործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը: Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշել է, որ տպավորված է Հայաստանով և ընդգծել, որ առկա է Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի համագործակցության մեծ ներուժ, որի լիարժեք իրականացումը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների բարեկամության և փոխգործակցության ընդլայնման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի։ Քննարկվել է քաղաքական երկխոսության խորացման և տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով առավել համակարգված և արդյունավետ դարձնել համագործակցության մեխանիզմները։ Կողմերը կարևորել են Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պատվիրակության հնարավոր մասնակցությունը COP17 առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով նման ձևաչափերում փոխգործակցության նշանակությունը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ կարևորելով Եվրոպական միությունի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ինստիտուցիոնալ խորացումը։ Այս համատեքստում քննարկվել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի փորձի ուսումնասիրումը, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում։ Զրուցակիցները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը՝ դիտարկելով մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները, ինչը կնպաստի փոխճանաչման, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն։ Կողմերը կարևորել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այս ուղղությունը կարող է դառնալ երկկողմ գործընկերության զարգացման նոր և հեռանկարային հարթակ։