Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 18 ամյա Դավիթ Մինասյանին կալանավորեց երկու ամսով։
Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։ Պաշտպանը նշեց, որ որոշումը չեն ստացել, բայց պայքարելու են մինչեւ վերջ։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը միջնորդել էր նրան կալանավորել 2 ամսով։ Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։
Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, Դավիթ Մինասյանը նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։
Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանն ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գեւորգ Գեւորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։