Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

 

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։

 

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ և բովանդակային հունով։ Կառուցողական և վստահելի երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելություններն ու պարբերական շփումները նոր լիցք են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։

 

Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։

 

Լիահույս եմ, որ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ

առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։

 

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։