«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին»․ բողոքի ակցիա քննչական կոմիտեի դիմաց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեի դիմաց, շարունակվում է բողոքի ակցիան՝ գործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջով։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ անընդունելի են համարում այն իրավիճակը, երբ, իրենց խոսքով, «սրբազաններն ու ազգային բարերարները ապօրինաբար պահվում են կալանքի տակ»։
Ակցիայի ընթացքում հնչեցին նաեւ քաղաքական հայտարարություններ։ Մասնակիցների խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» հնարավոր կլինի կառուցել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։
Սամվել Կարապետյանը, իրենց գնահատմամբ, տարիներ շարունակ նպաստել է Հայաստանի զարգացմանը։ Նրանց խոսքով՝ այսօր երկիրը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ, որոնք, ըստ իրենց, կարող են լուծվել միայն «ուժեղ առաջնորդության» պայմաններում։
Ակցիայի մասնակից Հարություն Մնացականյանը նշեց, որ հույս ունի՝ արդարադատությունը վերջիվերջո կհաղթի։ Նրա խոսքով՝ Հայաստանում կան ապօրինաբար անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ, սակայն վստահեցնում է, որ «հունիսի 7-ից հետո ՀՀ-ում նրանց գոյությունը կդառնա պատմություն»։
Ակցիայի մասնակիցները ևս մեկ անգամ տեղեկացրին, որ նախատեսում են ժամը 15:30-ին լինել դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։