Բացել լրահոսը Փակել լրահոսը
image00001
A A
Հասարակություն

Հրաշագործ Ավետարանը ներկայացվել է բացառիկ ցուցադրության

Մատենադարանում այսօր բացառիկ ցուցադրության է ներկայացվել միջնադարյան եզակի ձեռագիր Շուրիշկանի Փրկագործ Ավետարանը։

«Թաքուցյալ մատյաններ» շարքի այս նմուշը հայտնի է որպես հրաշագործ Ավետարան։ Հայոց պատմության մեջ պահպանվել են բազմաթիվ վկայություններ փրկության ուղի անցած ձեռագրերի մասին, որոնց շարքում առանձնանում է նաև Շուրիշկանի Ավետարանը։

Ավանդազրույցի համաձայն՝ ձեռագիրը, որը հայտնի է նաև «Պապ», «Կարմիր» և «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498 թվականին Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։

Հայերի 1603-1604 թվականների բռնագաղթի ընթացքում Ավետարանը տեղափոխվել է Պարսկաստանի Շրշկան գյուղ՝ Սուրբ Բարսեղ Կեսարացու վանք։ Վտանգներից պաշտպանելու նպատակով այն թաղել են հողի մեջ։ Ավանդության համաձայն՝ որոշ ժամանակ անց թաքստոցի վայրում աղբյուր է բխել՝ գոյացնելով լճակ, իսկ Սուրբ Գիրքը դուրս է բերվել միայն յոթ տարի անց՝ գրեթե անվնաս։

Մատենադարանի էքսկուրսավար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ ձեռագիրը գաղթի ճանապարհին բազմաթիվ հրաշքների պատճառ է դարձել։

«Տարիներ շարունակ մարդիկ հավատացել են ձեռագրի զորությանը։ Ոչ միայն հայերը, այլև Իրանում ապրող այլազգիները, նույնիսկ մահմեդականները, ակնածանքով են վերաբերվել Ավետարանին»,- նշում է նա։

1973 թվականին հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանն Ավետարանը նվիրաբերել է Մատենադարանին՝ վերադարձնելով այն հայրենիք։

Հակոբյանի խոսքով արդեն երկրորդ տարին է, որ նույն ժամանակահատվածում ձեռագիրը մեկ ամսով ցուցադրվում է հանրությանը։

«Այցելուներից հաճախ էինք լսում հարցը՝ ուր է Շուրիշկանի Ավետարանը։ Այդ հետաքրքրությունն էլ դարձավ ցուցադրությունը կրկնելու պատճառ»,- ասում էքսկուրսավարը։

Ձեռագիրը ներկայացված է ընծայաբերման սրահում։ Մատենադարանը տարիներ շարունակ նվեր է ստանում արժեքավոր ձեռագրեր և մշակութային մասունքներ։ 1970-ականներին, երբ ակտիվացավ իրանահայերի հայրենադարձությունը, Հայաստան բերվեցին բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում էր նաև Շուրիշկանի Ավետարանը։

 

Շուրիշկանի Փրկագործ Ավետարանը հատուկ ցուցափեղկում հասանելի կլինի այցելուներին ընդամենը մեկ ամիս՝ մարտի 10 - ապրիլի 10-ը։