Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. Ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում հայտնվելը  

Ամերիաբանկը՝ որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի անդամ, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով՝ Ամերիաբանկը դարձել է առաջին հայկական հաստատությունը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում՝ խմբի շուկայական կապիտալիզացիայի շնորհիվ։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ այս զարգացումը կարևոր է նաև Հայաստանի ֆինանսական համակարգի միջազգային դիրքավորման տեսանկյունից։

«Սա նշանակում է, որ մենք ևս մեկ քայլ արեցինք, որպեսզի մեր բանկային համակարգն ու տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևան, և Հայաստանը հստակ դրվի միջազգային քարտեզի վրա։ Ֆինանսական համակարգի համար սա շատ կարևոր քայլ է, քանի որ ներդրողները նոր շուկա մտնելիս առաջին հերթին գնահատում են տվյալ երկրի ֆինանսական ինստիտուտները», - նշել է նա:

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծում է, որ այս ձեռքբերումը կարևոր է ամբողջ ֆինանսական համակարգի համար։

«Սա լրջագույն ձեռքբերում է թե Ամերիաբանկի, թե Հայաստանի ֆինանսական համակարգի համար։ Այն հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ֆինանսական բանկային համակարգը հայտնվի միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում», - ասել է նա։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորում է այս իրադարձությունը ոչ միայն բանկի, այլև Հայաստանի համար։

«Մեր մուտքը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարք հստակ ազդակ է միջազգային շուկաներին, որ Հայաստանն ունի ուժեղ ու մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են վստահորեն գործել համաշխարհային մակարդակով։ Այս նվաճումը կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը և կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար», - ասել է նա։

Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի խոսքով՝ FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը թիմերի հետևողական աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչումն է։

«Այս նվաճումն ընդգծում է Lion Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը թե՛ հայկական, թե՛ վրացական շուկաներում։ Ես կարծում եմ, որ այս ձեռքբերումը կամրապնդի միջազգային ներդրողների հետաքրքրությունը խմբի նկատմամբ և կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որոնց պրոֆեսիոնալիզմը և համատեղ ջանքերը հնարավոր դարձրին մեր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում», - նշել է նա:

Իսկ Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանի խոսքով՝ այս իրադարձությունը բարձրացնում է ինչպես բանկի, այնպես էլ Հայաստանի ճանաչելիությունը միջազգային շուկաներում։

«Այս պատմական նվաճմանը չէինք հասնի առանց մեր թիմի մեծ նվիրումի, գործընկերների ու հաճախորդների վստահության», - եզրափակել է նա։

FTSE 100 ինդեքսում ընդգրկված են միջազգային առաջատար ընկերություններ՝ ֆինանսական և այլ ոլորտներից, այդ թվում՝ HSBC, Barclays, Lloyds Banking Group, Rolls-Royce Holdings, Unilever, Coca-Cola և AstraZeneca։ Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել նաև Burberry-ից և EasyJet-ից։